Ամառային հանգիստն անցկացնելու համար շատերը դուրս են գալիս երկրից, որն իր մեջ պարունակում է որոշակի ռիսկային գործոններ՝ կապված բնակլիմայական փոփոխությունների, դիմադրողականության անկման հետ. «Ծովային երկրներում ռիսկի գործոնը պայմանավորված է ջրային միջավայրով: Լողավազաններում, որտեղ կանգնած է ջուրը կամ այն որոշակի համակարգով անընդհատ շրջանառության մեջ է, կան վիրուսային հիվանդություններ: Դրանք հիմնականում սնկային միկրոբներ են, որոնք ապրում են լողավազանների պատերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը: Նա նշեց, որ նման միկրոբների առկայության դեպքում մեծանում է մարդկանց՝ դրանցով վարակվելու հավանականությունը: Սա պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության փոփոխությամբ, երբ բնակլիմայական պայմանների փոփոխության հետևանքով սեռական ինֆեկցիաների ընկալունակությունը բարձրանում է, ավելի է մեծանում վարակվելու հավանականությունը:
Կա նաև մեկ այլ վտանգ, որը վերաբերում է հիմնականում թեթև վարքի տեր մարդկանց: Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ զբոսաշրջիկների օրգանիզմները հաճախ հարմարված չեն լինում տվյալ տարածաշրջանի հիվանդություններին և երբ ունենում են սեռական հարաբերություն, մեծ է սեռական ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը, որոնք ընթանում են ոչ տիպիկ ընթացքով. «Գաղտնի շրջանը տևում է սովորականից երկար, դրսևորվելուց էլ հաճախ աղավաղված կլինիկական արտահայտություններով է լինում, որը չի համապատասխանում դասական հիվանդության ընթացքին: Սա դժվարացնում է հիվանդության լաբորատոր ախտորոշումը»:

Կա նաև դեղորայքակայուն ինֆեկցիաներով վարակվելու հավանականություն, երբ քիչ քանակությամբ անտիբիոտիկներ են օգտագործում՝ ներքին սեռական օրգանների կոմֆորտը վերականգնելու համար: Արդյունքում տվյալ անձանց շրջանում առաջանում է դեղորայքակայուն, ձևափոխված ինֆեկցիա, որի բուժումը ևս դժվար է:

Նման խնդիրներից խուսափելու համար Սևադա Հակոբյանը խորհուրդ է տալիս ունենալ պաշտպանված սեռական հարաբերություններ, բայց չմոռանալ, որ հաճախ կանխարգելիչ միջոցառումները լինում են ոչ 100 տոկոս ապահով, որովհետև հաճախ չեն պահպանվում պահպանակների կիրառման անվտանգության կանոնները. «Պաշտպանվելու լավագույն տարբերակը ընտանիքին հավատարիմ մնալն է: Անկանոն սեռական կյանքը տարբեր մարդկանց հետ քննադատելի է: Եվրոպայում կա մշտական զուգընկեր գաղափարը, որը այս դեպքում շատ ավելի կիրառելի է»: