«Սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Ինչպես կսնվես, այդպես էլ քեզ կդրսևորես անկողնում: Սնվելու և սեքսի ախորժակները խիստ փոխկապակցված են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Ըստ Շահրամանյանի` սեռական առողջության համար շատ կարևոր նշանակություն ունեն ֆոսֆորով հարուստ մթերքները, հատկապես ձուկը. «Ուժող խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը և բանջարեղենը: Առանձնացվում են հատկապես ծաղկակաղամբը և գազարը, իսկ արևելքում մինչ այսօր սիրո գիշերից առաջ խորհուրդ է տրվում ուտել նռան հատիկներ: Սեռական առողջությանը նպաստող միրգ է նաև անանասը»:

Սեքսապաթոլոգի խոսքով` ընկույզը, նուշը և պիստակը կարևոր ընդեղեններ են մարդու համար. «Դրանք պարունակում են վիտամինների և միկրոտարրերի բացառիկ քանակ և անփոխարինելի են հոգնածության ու սթրեսների ժամանակ»:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ սեռական հարաբերությունից առաջ պետք է կուշտ փորով հաց ուտել, թեև շատ քաղցած լինելն էլ ճիշտ չէ: «Հարաբերություններից առաջ խորհուրդ է տրվում թեթև սնունդ ընդունել: Ճիշտ սնունդ ընդունելու դեպքում կարող է բարելավվել սեռական ֆունկցիան: Սնունդը պետք է լինի լիարժեք` հարուստ ածխաջրերով ու սպիտակուցներով: Սեռական կարողությանը դրական են ազդում ծովամթերքները, միսը և սունկը: Ցանկալի է, որ մսեղենը լինի ոչ թե տապակած, այլ շոգեխաշած: Բացասաբար են ազդում կոֆեին պարունակող ըմպելիքները` գազավորված հյութերը, սուրճը, թեյը, ինչպեսև ծխախոտը: Մարդու օրգանիզմի համար շատ կարևոր են նաև վիտամինները, որոնցից սեռական ֆունկցիայի համար ամենապետքականը E-ն է, որը պարունակվում է ցածրորակ հացերի, հացահատիկի և ընկույզի մեջ»:

Մասնագետը խոսեց նաև ալկոհոլի մասին` նշելով, որ այն կարծիքը, թե ալկոհոլը խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան, սխալ է. «Սեքսապոթոլոգները այս տեսակետին կտրականապես համաձայն չեն: Ալկոհոլի շատ օգտագործումը լյարին ստիպում է արտադրել հսկայական քանակի ֆերմենտներ, որոնք քայքայում են տղամարդու սեռական ցանկության հորմոնը` տեստոստերոնը: Ժամանակակից հետազոտություններով պարզվել է, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո, իսկ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողունակության և անպտղության»:

http://1in.am/arm/armenia_society_86902.html