Վերջին ժամանակները շատ է խոսվում  սեռական ձեռնապահության`ժուժկալության կամ աբստինենցիայի  մասին: Շահարկվում է այն փաստը, որ այն կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը, սակայն շատերը տեղյակ չեն, որ սեռական աբստինենցիան նաև համարվում է ընտանիքի պլանավորման կամ, ավելի հասկանալի, անցանկալի հղիությունից պաշտպանվելու բնական մեթոդներից մեկը: Բացի դրանից, այն ցուցված է որոշ ֆիզիոլոգիական և ախտաբանական վիճակների ժամանակ, քանի որ ուղղված է պահպանելու մարդու սեռական և  այլ օրգան- համակարգերի առողջությունը:

Աբստինենցիայի ցուցումներն են`

1.    Սեռական ճանապարհով փոխանցվող ենթադրյալ կամ գոյություն ունեցող հիվանդությունների : Պետք է հիշել, որ յուրաքանչյուր նոր չպաշտպանված սեռական կապ հղի է սեռավարակով: Դրանից հետո ժամանակավոր ձեռնպահ մնալը սեռական կապերից կանխում է վարակի փոխանցումը, մինչև տվյալ անձը կդիմի բժշկի, կհաստատվի կամ կհերքվի վարակի առկայությունը և կկատարվի համապատասխան բուժում:

2.    Սեռական օրգանների վրա կատարվող վիրահատություններից ` վազէկտոմիայից, պերինեոպլաստիկայից, էպիզիոտոմիայից, արգանդի պարանոցի կոնիազացիայից հետո ընկած ժամանակահատված: Վիրահատական վերքի նորմալ սպիացման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մոտովորապես 40 օր:

3.    Փոքր կոնքի օրգանների, արտաքին սեռական օրգանների և միզային ուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ: Այստեղ գործում է հիվանդ օրգանին հանգիստ է պետք օրենքը: Տվյալ վիճակների ժամանակ սեռական ակտը կսրացնի ցավային սինդրոմը ` ավելի խորացնելով բորբոքային պրոցեսը:

4.    Դիսպարեունիայի` ցավոտ սեռական ակտի ժամանակ:Ամեն սեռական ակտ հոգեհուզական հիմք է ստեղծում հաջորդի համար ,եթե այն բացասական է ` հաճախ առաջանում է արատավոր օղակ: Եթե սեռական ակտը ցավոտ է կամ ուղեկցվում է դիսկոմֆորտի զգացողությամբ, պետք է դիմել սեքսոլոգի և գինեկոլոգի` պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար:

5.    Պոստկոիտալ արյունահոսություն – սեռական հարաբերությունից հետո դիտվող արյունային արտադրություն կամ արյունահոսություն: Այն կարող է լինել տարբեր ախտաբանական վիճակների միակ ախտանիշը, ուստի անհրաժեշտ է ևս դիմել մասնագետի`  մինչ այդ օգտվելով աբստինենցիայի մեթոդից:

6.    Կլիմակտերիկ շրջանի ատրոֆիկ վագինիտների ժամանակ: Դաշտանադադարի շրջանում սեռական օրգաններում դիտվում են ինվոլյուցիոն` հետաճի պրոսեցներ: Այս ամենը բերում է հեշտոցի լորձաթաղանթի ատրոֆիկ փոփոխությունների, և որպես հետևանք հեշտոցը դառնում է հեշտ խոցելի միկրովնասվածքների նկատմամբ, որոնք հաճախ են դիտվում սեռական հարաբերության ժամանակ: Միկրովնասվածքներով էլ մեծացնում են վարակի ներթափանցման հավանականությունը և վագինիտի առաջացումը: Այս ամենից խուսափելու համար կարելի է դիմել մասնագետի և լուծում գտնել նշանակված տեղային  հատուկ կրեմների տեսքով:

7.    Հղիության երրորդ եռամսյակի վերջին շրջանում, հետծննդյան և  հղիության արհեստական կամ ինքնաբեր ընդհատմանը հաջորդող ժամանակահատվածներում: Առաջինի դեպքում կանխվում է վաղաժամ ծննդաբերության վտանգը, իսկ վերջին երկուսի դեպքում էլ որոշ ժամանակ է պետք, որպեսզի սեռական օրգանները վերականգնեն իրենց նախկին վիճակը, այս դեպքում սեռական ժուժկալությունը կանխարգելում է նաև վարակի ներթափանցումը :

8.    Սրտամկանի  ինֆարկտից հետո ընկած ժամանակաշրջան: Այպես կանխվում է ինֆարկտի կրկնվելու հավանականությունը:

9.    Ենթադրվող կամ հաստատված ալերգիա` գերզգայունություն, սերմի նկատմամբ: Գոյություն ունի չբերության իմունոլոգիական ձև,որի ժամանակ կնոջ օրգանիզմում, ավելի կոնկրետ ` արգանդի պարանոցում հակամարմիններ են առաջանում տղամարդու սերմի նկատմամբ: Այս դեպքում բուժման ժամանակ  կիրառվում է սեռական ձեռնպահության մեթոդը:

BLOG COMMENTS POWERED BY DISQUS