Կրիպտորխիզմը կամ գաղտնամորձությունը համարվում է զարգացման բնածին արատ, երբ ամորձիներից մեկը կամ երկուսը միասին թերզարգացած են կամ չեն իջել ամորձապարկ:
Տարբերակում ենք կրիպտորխիզմի հետևյալ ձևերը `


1. Աճուկային
2. Որովայնային:
Ամորձիները վերջնական զարգացում են ապրում և իջնում ամորձապարկի մեջ պտղի ներարգանդային կյանքի 8-րդ ամսում, այդ իսկ պատճառով էլ հաճախ 8 ամսեկանում կեսարյան հատում չեն կատարում: Սաղմի մոտ ամորձիների ձևավորումը տեղի է ունենում հետորովայնային շրջանում` երիկամների մոտ, այնուհետև իջնում են աճուկային խողովակով մինչև ամորձապարկ: Այդ ժամանակահատվածում կարող են ամորձիները չհասնել փոշտ (ամորձապարկ)` այլ մնան աճուկային խողովակում, որովային խոռոչում , հազվադեպ `ցայլքի, ազդրի կամ շեքի մաշկի տակ:
Երկկողմանի կրիպտորխիզմը տղամարդկանց անպտղության պատճառ կարող է դառնալ: Սակայն նրա վաղաժամ բուժման արդյունքում հնարավոր կլինի խուսափել անպտղությունից:
Ախտորոշումը բավական հեշտ է: Ամորձապարկը շոշափելիս բացակայում է մեկ կամ երկու ամորձին կամ ուռուցիկ ձևով երևում են աճուկային խողովակում։ Որովայնային կրիպտորխիզմը հայտնաբերվում է պնևմոպելվիոգրաֆիայով, լապարոսկոպիայով կամ սցինտիգրաֆիայով։ Կրիպտորխիզմով երեխայի առնանդամը լինում է թերզարգացած, ամորձապարկը՝ թերպիգմենտավորված, գրեթե բացակայում են սեռական երկրորդային զարգացման նշանները (մազակալում ցայլքի շրջանում, ձայնի խռպոտում և այլն)։ Կրիպտորխիզմի ժամանակ առկա է նաև տարբեր աստիճանի անդրոգենային դեֆիցիտ /արական սեռական հոմոնների անբավարարություն/ իր բոլոր դրսևորումներով:
Կրիպտորխիզմի բուժումը սկզբնական շրջանում կարող է կրել պահպանողական բնույթ, սակայն ամորձու չիջնելու դեպքում ցուցված է վիրահատական բուժում: Կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես որովայնային կրիպտորխիզմին (երբ ամորձին գտնվում է որովայնի խոռոչում), քանի որ այն կարող է վերածվել քաղցկեղի և հետևաբար կյանքի ընթացքում հեռացման կարիք ունի:

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: