Սեքսուալ կյանքում խնդիրները սկսվում են հենց առաջին սեռական կապից: Արդեն կուսազրկումը մեծ սթրես է այն կնոջ համար, ով նախատրամադրված է սեռական կյանքի դժվարությունների: Այնուհետև սթրեսը շարունակվում է և գնալով խորանում` կապված այն հանգամանքի հետ, որ կինը չի ապրում սեռական հաճույք, սեռական գրգռվածություն: Օրգազմի բացակայությանը է՛լ ավելի է արմատավորում սթրեսի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա, քանի որ կնոջ օրգանիզմը չի ստանում բավականաչափ հաճույքի հորմոններ` էնդորֆիններ, որոնք հայտնի են իրենց ունեցած բարերար ազդեցությամբ, թե՛ նյարդային համակարգի, թե՛ հորմոնալ և անոթային համակարգրի նորմալ գործունեության վրա:  Ստորև նկարագրված դեպքը վառ արտացոլանք է այն երևույթի, որը կարելի է անվանել սեքսուալ սթրես կամ սթրես սեռական կյանքում:

Հարց՝ Բարեւ ձեզ, ես 24 տարեկան եմ, 2 տարի է աուսնացած եմ, ունեմ մեկ տարեկան երեխա: Վերջին մեկ տարին սկսել եմ խուսափել սեռական հարաբերություններից, ինձ մոտ այլեւս ցանկություն չի առաջանում, երբեմն էլ նույնիսկ տհաճ է: Մինչ ամուսնանալը ես շատ դյուրագրգիռ էի(գրկախառնություններից եւ համբույրներից ինձ մոտ ցանկություն էր առաջանում, սակայն մինչամուսնական հարաբերություններ չեմ ունեցել իմ բարոյական հայացքներից ելնելով): Ամուսնությունից հետո սեռական հարաբերություններից շատ հիասթափված էի, քանի որ կուսաթաղանթի պատռումը ինձ մոտ շատ երկար տեւեց մոտ 2 շաբաթ եւ ցավերով: Եւ ես դեռ երկար ժամանակ ցավ էի զգում սեռական ակտի ժամանակ: Մի խոսքով օրգազմ միշտ ձեւացրեմ եմ, սակայն առաջին տարին ամուսինս գոհ էր սեռական կյանքից: Երեխայի ծնվելուց հետո սեռական կյանքը, կարելի է ասել, ամբողջովին բացակայում է (ամիսը 1-2 անգամ): Եւ ես հասկանում եմ, որ պատճառը ինձ մեջ է:

1. Գերհոգնածություն: Ապրելով ծնողներից առանձին՝ տան եւ երեխայի հոգսերը ընկել են ամբողջովին իմ ուսերին: Երեխան էլ չափից աշխույժ է, եւ ես շատ եմ հոգնում: Մեկ տարվա ընթացքում նիհարել եմ 17-18 kg.

2.Երեխայի քնելուց հետո ես էներգիա ծախսելու ցանկություն չեմ ունենում: Ուզում եմ հանգստանալ, պառկել, հեռուստացույց նայել, գիրք կարդալ: Նույնիսկ ափսոսում եմ հարաբերություններ վրա ծախսած ժամանակը:

3.Ծննդաբերությունից, իսկ այժմ էլ անչափ նիհարելուց հետո ես այլեւս չեմ հավանում իմ մարմինը եւ ամաչում եմ ամուսնուցս: Չնայած, որ նա ինձ ասում է, որ ես գեղեցիկ եմ, ես չեմ հավատում նրան:

4. Ծննդաբերությունից հետո ես նորից ամեն անգամ սեռական ակտի ժամանակ ցավ եմ զգում (դիմել եմ գինեկոլոգի, սակայն խնդիր չի հայտնաբերվել, ասում եմ՝ լարվածությունից է):

 

Ամուսնուս հետ հարաբերությունները դարձել են լարված, զգացմունքները երկկողմանի սառել են, առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ, սակայն ես չեմ կարողանում սեռական կյանքի խնդիրը լուծել, եւ օր օրի տեսնում եմ ինչպես է քանդվում մեր ընտանիքը: (Հիշեցնեմ, որ մինչ ամուսնանալը շատ հեշտ գրգռվում էի, հիմա ինձ մոտ ընդհանրապես ցանկություն չի առաջանում): Խնդրում եմ, օգնեք:

Պատասխան՝

Քո սպասումները սեռական կյանքի հանդեպ չեն համապատասխանել իրականությանը, այստեղից էլ սկսել է ամբողջ պատմությունը: 2 շաբաթ տևողությամբ կուսազրկումը խոսում է այն մասին, որ դու հավանաբար ունեցել ես թեթև արտահայտված վագինիզմ, որի դեպքում հեշտոցի մկանները լարված են լինում, իսկ լորձաթաղանթի խոնավացման ֆունկցիան արգելակված: Այնուհետև հետևել է սեռական կյանք` ոչ բավարար սեքսուալ գրգռմամբ և հետևաբար հաճույքի բացակայությամբ, երկուսն էլ սեռական խնդիրներ են, որի արդյունքում դու ստիպված ես եղել ձևացնել օրգազմի առկայությունը: Օրգազմի կեղծումը մի երևույթ է, որը էլ ավելի է խորացրել քո հիմնական հոգեսեքսուալ խնդիրը, առաջ բերել նոր սեռական խանգարում` անօրգազմիա և հեռացրել քեզ ներդաշնակ ամուսնական սեռական կյանքից, որը տալիս է երկկողմանի սեքսուալ բավարարվածություն: Հետծննդաբերական շրջանը նպաստել է քո խնդրի ամրապնդմանը, քանի որ հոգեսեքսուալ բնույթի խնդիրներին ավելացել են նաև հորմոնալ նախատրամադրող և նպաստող գործոններ: Գերհոգնածությունը և էներգիայի պակասը հյուծել են քո օրգանիզմը, քանի որ դու չունես պաշտպանական այն մեխանիզմները, որոնք մյուս կանանց տալիս են  սթրեսին դիմակայելու լայն հնարավորություններ: Սա քո անձնային առանձնահատկությւոնն է, որը նախատրամադրող դեր ունի քո կյանքի իրավիճակի և սեռական առողջության խանգարման գործում:

 

 

Օրինաչափություն է այն, որ սեքսուալ առողջության խանգարումը գնալով քեզ մոտ խորացել է և ի հայտ են եկել ցավեր հարաբերության ժամանակ և սեռական կյանքից խուսափում: Հաջորդ բարդությւոնը, որ կարող է ի հայտ գալ, սեքսուալ ավերսիվ նևրոզի առաջացումն է, օրգանիզմի նեյրո-հումորալ հոմեոստազի խանգարմամբ: ՈՒստի խորհուրդ եմ տալիս անպայման դիմես մասնագիտական օգնության, որովհետև ՔՈ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼԻ Է ժամանակակից սեքսոլոգիական մեթոդների օգնությամբ` հոգեսեքսուալ թերապիայով, դեղորայքային և ֆզիոթերապիայով

 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS