Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի:


Իմ մոտ այցելուն հայտնվեց ոչ իր նախաձեռնությամբ, այլ` մոր և քրոջ: Իմ բոլոր փորձերը նրան հասկացնելու, որ ինքը պատժված չէ աստծո կողմից,  այլ չի կարողանում սեռական կյանքով ապրել այն պատճառով, որ ունի հիվանդություն, որի համար ինքը ամենևին պատասխանատու չէ, քանի որ իր ընտրությունը չէ, բոլոր իմ համոզումները, որ 100 % դեպքերում իր հիվանդությունը բուժելի է, ապարդյուն  անցան, ինչպես և լինում է բոլոր այն դեպքերում, երբ այցելուն չի գալիս իր նախաձեռնությամբ, այլ մեկ ուրիշի:
Այցելուն ընկճված էր, ճնշված տրամադրության մեջ: Ոչ մի հույս չուներ, որ լավ կլինի, մռայլ վհատությունը լրիվ կուրացրել էր նրան, -Ինձ միայն աստված կարող է օգնել, ուրիշ ոչ մեկ: Անվստահությամբ նայում էր ինձ ու նկատեցի, որ աչքերի մեջ կատաղության փայլ երևաց, -ուրիշ ոչ մեկ, հասկանու՞մ եք, գոռաց նա հանկարծակի կատաղությամբ, -ես հիվանդ չեմ, ինձ հիվանդ են դարձրել այն աղջկա ծնողները, որ տարան կնոջս ինձանից,-կատաղած վեր բարձրացավ աթոռից ու դուրս եկավ սենյակից` դուռը հետևից այնպես շրմփացնելով, որ գաջի մի քանի ծեփակտոր թափվեցին գետնին:
Հասկացա, ինչ է կատարվում: Վիճակը շատ լուրջ էր, պետք էր անհապաղ մի բան անել: Անհանգստացած վեր կացա, որ դուրս գամ միջանցք և խնդրեմ մի վերջին խոսք ասել նրան: Բայց նա ինքը ներս մտավ ու մի պահ քիչ մնաց բախվեինք իրար:
-Կներեք բժշկուհի, -մեղավոր հայացքով նայեց ինձ, ու արցունքի կաթիլները սկսեցին հորդել աչքերից: Դեմքը թաքցրեց ափերի մեջ և հուզմունքի երկար րոպեներ հաջորդեցին իրար:
Փորձելով  յուրաքանչյուր բառս կշռադատել, ծանր ու թեթև անել, հնարավորինս մեղմ ձայներանգով ասեցի`
-Ես հասկանում եմ, ինչքան դժվար է ձեր վիճակում գտնվելը, դուք իսկապես հզոր անձնավորություն եք, որ կարողացել եք տանել ձեր կյանքի բոլոր ծանր ապրումները: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կարող էր և չդիմակայել այնպես հերոսաբար, ինչպես դուք եք արել: Ու հետո, փոքր ինչ ավելի լուրջ տոնով, շարունակում եմ`այո, դրանք աստծո պատիժն են ձեր կյանքում, ու ձեզ մնում է միայն աղոթել աստծո բարեհաճության համար ու ես էլ ձեր հետ կաղոթեմ: Բայց  չեք կարծում, որ հենց հիմա դուք շարունակում եք նույն բանն անել` բորբոքել աստծու բարկությունը` չհարգելով ձեր մորը, որ տարիքն առած կին է, ու մեծ դժվարությամբ եկել-հասել է այստեղ հանուն ձեզ, հանուն ձեր առողջության: Ինչու հանուն ձեր մոր, չփորձել մի քանի բժշկական հետազոտություն անցնել: Ձեր մայրը կուրախանա դրանից ու դուք կշահեք աստծո ներողամտությունը:
Կարծես ինչ-որ բան շարժվեց, աչքերի մեջ հայտնվեց հույսի նշույլ:
-Լավ, ի՞նչ պետք է անեմ:
Անմիջապես թղթի վրա գրեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք կարող են օգտակար ինֆորմացիա տալ իր հիվանդության ախտորոշման և բուժման կազմակերպման համար:
Թուղթը մեկնեցի նրան, վերցրեց, ուշադիր կարդաց ու խոստացավ  անցնել բոլոր հետազոտման սենյակներով:
Մի քանի օր անց, հետազոտությունների արդյունքների հիման վրա պարզվեց, որ առկա է արտահայտված բորբոքում ներքին սեռական օրգաններում, հորմոնալ որոշակի տեղաշարժ և նյարդային համակարգի ախտահարման ցուցանիշներ: Մշակվեց բազմափուլանի  բուժում:
Անցավ երեք շաբաթ, այցելուն եկավ ադեկվատ հագնված, աչքերը փայլում էին, դեմքը լուսավորվել էր: Եկավ առանց ուղեկցության, իր կամքով և հայտնեց, թե ինչքան սրտատրոփ սպասել էր մեր հանդիպմանը: Կարծես թե դրական տեղաշարժեր կան, -ասաց նա ուրախությամբ,- կենդանության նշաններ եմ զգում մարմնիս մեջ:
Խոսակցությունը շրջվեց դեպի իր մեղքի զգացումը, նա հայտնեց, որ դեռ պատանի հասակում միշտ լսել է իր ընկերներից ու ծնողներից, որ ձեռնաշարժությունը ծանր մեղք է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, անդառնալի վնաս են հասցնում առողջությանը, այդ պատճառով ամեն անգամ այդ միջոցին դիմելուց հետո ծանր մեղքի զգացում էր ունենում: Յուրաքանչյուր հաջորդ անգամ սեռական կիրքը այնքան ուժեղ էր լինում, որ չէր կարողանում դիմակայել դրան ու հարկադրաբար կրկին զբաղվում էր ինքնաբավարարմամբ:
Բժշկական տեսանկյունից միանշանակ կարելի է ասել, որ կան ինքնաբավարարման ձևեր, որոնք ոչ մի ձևով հիվանդագին համարել չի կարելի, այլ ընդհակառակը` նույնիսկ ցուցված են, որպեսզի խուսափել լուրջ հիվանդագին վիճակների առաջացումից: Դրանք են պատանեկան տարիքի ինքնաբավարարումը, փոխարինող ինքնաբավարարումը: Այս դեպքերում ձեռնաշարժությունը հանում է սեռական լարվածությունը և վերականգնում ներքին մարմնական և հոգեկան հավասարակշռության զգացողությունները:
Պատանեկան տարիների ձեռնաշարժությունը հատկապես մեղքի զգացումով է արմատավորվում այն անձանց մոտ, ում միկրոսոցիալ շրջանում բացասական վերաբերմունք է իշխում սեռական դրսևորումների հանդեպ և երեխաներին հաղորդում են այն սխալ համոզումը, որ աստված պապիկը կբարկանա, եթե դու չարություն անես ու կպատժի քեզ:
Հոգևոր գործիչները ինձանից լավ կբացատրեն, թե ինչ տեսակ կործանարար ազդեցություն է ունենում մանկական հոգեբանության վրա աստծո մասին այս տեսակ պատկերացում ստեղծելը:
Սեքսոլոգները կարող են հավաստել, որ ոչ պակաս կործանարար է ազդում հակասեքսուալ դիրքորոշումը ընտանիքում և սեքսուալ դրսևորումների ճնշումը մանկական և պատանեկան տարիներին, ինչպես նաև ավելորդ մեղքի զգացումը, որը հետագայում տարածվում է նաև նորմալ ֆիզիոլոգիական դրսևորումների վրա` սեռական և, ինչու չէ, հոգեկան հիվանդությունների  պատճառ դառնալով: Եթե այսպիսի մթնոլորտում մեծացող երեխան ունի նաև հորմոնալ անբավարարություն, ասենք սոմատոսեքսուալ զարգացման ուշացում, և/կամ անձնային որոշակի գծեր` ամաչկոտություն, ինքնամփոփություն, ինքնավերլուծման և ինքնաքննադատման հակվածություն և այլն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կզարգանա որևէ սեռական խանգարում: Սովորաբար այս տեսակ անձանց մոտ անխուսափելի են նաև սեռական օրգանների տեղային ախտահարումները, որոնք իրենց հերթին խորացնում են հիվանդության ընթացքը: Մեծ հավանականությամբ ախտաբանական գործընթացի մեջ է ընդգրկվում նաև նյարդային համակարգը և գլխուղեղի համապատասխան ենթաբաժինները, բերելով այս կամ այն հոգեկան նշանների առաջացմանը:
Անցավ ևս 3 շաբաթ, այցելուն հայտնվեց իմ սենյակում մի երիտասարդ կնոջ ուղեկցությամբ, պարզվեց, որ երկար ժամանակ հավանում էր այս աղջկան, բայց չէր համարձակվել մոտենալ: Հիմա միասին էին, և կինը պատրաստ էր ամեն ինչով աջակցել բուժման ընթացքին: Պարզվեց նաև, որ այցելուն աշխատանքի առաջարկություն էր ստացել իր տան հարևանությամբ գտնվող մի ձեռնարկությունից:
4 ամիս անց այն օրվանից, երբ առաջին անգամ նա հայտնվեց մեր կլինիկայում, ես ստացա մի հեռախոսազանգ` -Բժշկուհի, կինս հղի է…   Հուզվելու իմ հերթն էր: Ամեն անգամ, երբ այցելուն բուժվում է և լույս աշխարհ գալիս մի նոր մանուկ, աննկարագրելի հուզմունք է առաջանում մեջս և ուզում եմ ամբողջ ուժով բղավել.
-Սեռական հիվանդությունները ոչ անձի կամքով առաջացող հիվանդություններ են, անձը “մեղավոր” չէ իր հիվանդության համար, սեռական խանգարումները բուժելի են և գրեթե 100% դեպքերում վերականգնվում է սեքսուալ, ինչպես նաև մանկածնման ֆունկցիան, միայն թե պետք է ճանաչել այն ու հավատալ:

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: